Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Ընտրական ցիկլի վերջին ակորդը

Ընտրական ցիկլի վերջին ակորդը
07.05.2013 | 00:50

Ավարտվեցին Երևանի ավագանու ընտրությունները: Ի սկզբանե ընտրությունները քաղաքականացվեցին` հակառակ այն պարագայի, որ համապետական չէին, այլ համայնքային: Ընտրարշավի ավարտին ակնհայտ դարձան նույն այն առանձնահատկությունները, որոնք գործել էին և՛ խորհրդարանական, և՛ նախագահական ընտրությունների պարագայում:
ա¤ Ընտրությունները բոլորովին այլ իրադարձություն էին ընտրողների ու ընտրվողների տեսակետից: Ընտրողները սկզբից մինչև վերջ իրենց թեկնածուներին առաջադրած ու ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած կուսակցություններից ակնկալում էին նույնը` ընդամենը իրենց քաղաքային կյանքի բարելավում: Այսինքն` ընտրողներին շատ քիչ էին հետաքրքրում կամ ընդհանրապես չէին հետաքրքրում քաղաքական խնդիրները: Նրանց համար կարևորը մնաց ավանդական շարքը` կենցաղի կազմակերպման որակի բարելավում, քաղաքի կյանքի կանոնակարգում, երբեմն նաև սոցիալական հարցերի վերհանում, մասնավորապես աշխատատեղերի ստեղծում: Բոլորովին այլ խնդիր էին լուծում ընտրվողները: Խորհրդարանական ու նախագահական ընտրությունները, հակառակ սպասումներին, չէին ավարտել քաղաքական դաշտի վերադասավորումը: Եթե իշխանության հարցը միանշանակ է, ընդդիմադիր դաշտի տարտղնվածության ու միակողմանի բազմազանության ավարտի խնդիրը այդպես էլ չլուծվեց: Ընդդիմադիր դաշտը, թե անաչառ ու անկեղծ մնանք, դարձել է միակողմանի` իր ողջ բազմազանությամբ: Համադրեք գործող բոլոր ընդդիմադիրների ծրագրերն ու հայտարարությունները: Ի՞նչ են նրանք ուզում: ՀՀԿ-ի գերիշխանության եթե ոչ ավարտ, գոնե սահմանափակում: Նրանք ասում են` այսպես ապրել այլևս չի կարելի, բայց ոչ ոք չի ասում` ինչպես է պետք ապրել: Եթե նույնիսկ ասվում է, մեխանիզմները մնում են անհայտ: Բոլորը կողմ են բարեփոխումների, գուցե նույնիսկ հեղափոխական, բայց որևէ գործող ծրագիր հրապարակի վրա չկա: Ամեն ինչ սկսվում ու ավարտվում է լավագույն ցանկությունների ու մտադրությունների մակարդակում: Իշխանության համար դա շատ շահեկան է:
բ¤ Վերստին գլխավոր հարց դարձավ ընտրություններում երկրորդի հարցը: Դատելով խորհրդարանական ընտրություններից` երկրորդը լինելու շանսերը ԲՀԿ-ինն են: Դատելով նախագահական ընտրություններից` երկրորդը լինելու շանսերը «Ժառանգությանն» են: Չմոռանանք, որ հունվարի յոթից իր վերակառուցումը սկսած ՀԱԿ-ը, ՀԱԿԿ դառնալով, կենսական անհրաժեշտություն ունի քաղաքական դաշտում վերահաստատելու իր նախկին դիրքերը: Գործնականում երկրորդի հարցը լուծելու է նաև իշխանության բուրգի կառուցման հարցը: Հիշեք, որ, բացի արտաքին գործերի ու պաշտպանության նախարարներից, կառավարության կազմը մնում է մի խումբ անհայտներով հավասարում: Իհարկե, վարչապետի վերանշանակումը կառավարության գործունեության ընդհանուր ուղղվածության հարցին պատասխանել է, բայց, միևնույն է, պորտֆելների բաշխման հարցը մնում է քաղաքական դաշտի օրակարգում: Ոչ միայն իշխանության, այլև քաղաքական մյուս ուժերի: Եվ այդ հավասարումը իր հայտնիներին անվանելու է Երևանի ավագանու ընտրություններից հետո, ինչը ևս այս ընտրությունների քաղաքականացման պատճառ էր: Ի՞նչ տարբերակներ կան: Եթե երկրորդը դառնում է ԲՀԿ-ն, ակնհայտորեն ԲՀԿ-ն գնում է վերստին կոալիցիայի տարբերակի: Բայց ի՞նչ գնով: Առաջինը` իր բոցաշունչ հայտարարություններից հետո ԲՀԿ-ն խնդիր է ունենալու կուսակցության ներսում` ի դեմս քաղաքական թևի: Մասնավորապես Վարդան Օսկանյանի, որ նույնիսկ հայտարարեց, թե սեպտեմբերին ԲՀԿ-ն խորհրդարանում պիտի իր ընդդիմություն լինելը բարձրաձայնի: Իհարկե, Վարդան Օսկանյանը միշտ տարբերակ ունի նոր կուսակցություն ստեղծելու և իր քաղաքական ծրագրերը իրականացնելու միայնակ: Կամ` Ռոբերտ Քոչարյանի հետ համատեղ:

Վստահ եղեք, որ երկու հազար տասնյոթին ու տասնութին Ռոբերտ Քոչարյանը մեծ քաղաքականությունը նորից է հիշելու ու իր տնտեսական հզորությունը նաև քաղաքականով ամրագրելու փորձ է անելու: Իսկ այդ ժամանակ նրան պետք է կուսակցություն, նույնիսկ շատ է պետք: ԲՀԿ-ի վրա հույս դնելու չէ: ԲՀԿ-ն երբեք չի գնա ընդդիմության տարբերակի: Համենայն դեպս, իր ներկա կազմով: ԲՀԿ-ին պետք են իշխանական լծակներ, առանց այդ լծակների ԲՀԿ-ն դառնում է շարքային ընդդիմություն: Իսկ շարքայինները, գիտեք, ինչ ճակատագիր ունեն մեր երկրում: Բայց պե՞տք է ՀՀԿ-ին կոալիցիա: Առաջին հայացքից որևէ քաղաքական ուժ իր իշխանությունը չի ցանկանա բաժանել, բայց իշխանության հետ բաժանվում է նաև պատասխանատվությունը` սա մեկ, և երկրորդ` ՀՀԿ-ի հավերժական հաղթողի իմիջը արդեն սկսում է վնասել հենց իրեն: ՀՀԿ-ն խնդիր ունի, և դա ոչ մեկի համար գաղտնիք չէ: Իհարկե, չի բացառվում նաև այլ տարբերակ` ԲՀԿ-ն դաշինքի է գնում ՀԱԿԿ-ի և ՀՅԴ-ի հետ` հանուն այլընտրանքային քաղաքապետի: Բայց սա վիրտուալ տարբերակ է: Եթե երկրորդը դառնում է «Ժառանգությունը», ինչը, այնուամենայնիվ, շատ ավելի շահեկան է ՀՀԿ-ի համար, որովհետև միանգամից փակում է «Բարևի» հեղափոխության հեռանկարը ու ԲՀԿ-ին վերադարձնում է նախագահական ընտրությունների նախօրեի կարգավիճակը, քաղաքական դաշտում ավելանում է ևս մեկ այլընտրանք: Միայն առաջին հայացքից է հիմա «Ժառանգությունը» միայնակ պայքարում ամբողջ քաղաքական դաշտի դեմ: Իհարկե, դժվար է կանխատեսել կամ ծրագրել Րաֆֆի Հովհաննիսյանի անցումները և որոշումները, որովհետև իր բոլոր արժանիքներով հանդերձ` Րաֆֆի Հովհաննիսյանին մեծ քաղաքականությունը հակացուցված է իր մտքի թռիչքների, անհաստատ ու անակնկալ որոշումների կամ որոշումներ ընդունելու անկանխատեսելիության պատճառով, բայց Րաֆֆի Հովհաննիսյանը կա քաղաքական դաշտում, և այդ ուժը պետք է կառավարելի դարձնել: Գործնականում «Ժառանգությունը» այրել է կամուրջները թե՛ ՀԱԿԿ-ի, թե՛ ԲՀԿ-ի, գուցե նաև ՀՅԴ-ի հետ: Այրել է գրեթե հարկադրաբար, որովհետև երբ բոլորը առաջինն են ցանկանում անվանվել, առաջանում է մշտապես երկրորդը լինելու վտանգը: Դաշինք ՀՀԿ-ի հետ, դատելով հետընտրական իրադարձություններից, «Ժառանգությունը» չի ցանկանում, համենայն դեպս, ՀՀԿ-ի առաջադրած պայմաններով: Իհարկե, քաղաքականությունը հնարավորի արվեստն է, բայց չմոռանանք, որ կյանքը միշտ նախապատվությունը տալիս է պրագմատիզմին: Իսկ պրագմատիզմն ունի իր կանոնները: Ակներևաբար, ընտրությունների պատմությունն ավարտվելու է հավասարների սկզբունքով` ընդդիմադիր (կամ իրենց այդպես անվանող) քաղաքական ուժերը ստանալու են ճիշտ այնքան ձայներ, որ ՀՀԿ-ն ապահովի իր քառասունից-քառասունհինգ տոկոսը, իսկ մյուսները չկարողանան բողոքել, որ ընտրություններում իրենք շրջանցվել են, բայց մեծ ցանկության ու խորամանկ հաշվարկների պարագայում էլ չկարողանան վտանգավոր ոչինչ հակադրել ՀՀԿ-ի գերիշխանությանը մայրաքաղաքում: ՀՀԿ-ն շարունակելու է մնալ ժողովրդի վստահության քվեն ստացած լավագույն աղբահավաքը, անօրինական ու օրինական շինարարը, կենցաղային ծառայությունների մատուցման մեծագույն մասնագետը (այս շարքը երկար է, կարող եք հավելել ինչ ցանկանաք):
գ¤ Չորս-հինգ տարվա ընտրական դադարից առաջ քաղաքական բոլոր ուժերին պետք են լծակներ` հետագայում իրենց գործունեությունը շարունակելու ու իրենց ներկայությունը ամրապնդելու համար: Սա կասկածից դուրս է: Բայց նաև նույնքան կասկածից դուրս է, որ Երևանի ավագանու ընտրություններից հետո ևս երկրում բաց է մնալու ընդդիմադիր դաշտը: Ընդդիմությունը Հայաստանի աքիլլեսյան գարշապարն է: Պատճառների մեջ խորանալն անիմաստ է, երբ բոլորն ամեն ինչ գիտեն (իսկ Հայաստանի պես փոքր երկրում գաղտնիքներն ընդամենը ժամանակի հարց են), շատ դժվար է ընդդիմություն անվանվել ընդամենը մի քանի ընդդիմադիր ելույթի հիման վրա: Հայաստանի ընդդիմությունը չունի գործողության ծրագիր, ավելին` չունի իր գործունեության գաղափարական հիմնավորումը: Իշխանության դեմ պայքարը մնում է Հայաստանի ընդդիմության գլխավոր սխալը: Պայքարել պետք է ոչ թե իշխանության դեմ, այլ սեփական ծրագրերի ու նպատակների իրականացման համար: Ընդդիմությունը պատրաստ չէ համակարգային փոփոխությունների, բոլոր ընդդիմադիրներն էլ իրենց պատկերացնում են գործող իշխանության պաշտոններում` շարունակելու համարյա նույն կյանքը: Սա է պատճառը, որ իշխանությանը լիովին հաջողվում է ինքնապահպանվել ու վերարտադրվել բոլոր մակարդակների ընտրություններում: Ավելին` ընդդիմությունը Հայաստանում հավատում է հրաշքների. նրանք բոլորն ապավինում են արդար ընտրություններին, ու քանի որ Հայաստանում այդ հեքիաթը իրականություն չի դառնում, սպասում են: Ոմանք` իշխանության ինքնալուծարմանը, որը ևս հեքիաթ է, ոմանք` դրսի ուժերի աջակցությանը, որը ավելի դաժան հեքիաթ է, ոմանք պարզապես սպասում են ֆորս մաժորի, որը հեքիաթ չէ, բայց նաև իրական չէ: Համենայն դեպս, մոտ ապագայում: Արտահերթ ընտրությունների ուրվականը Հայաստանում մարմին չի առնում: Ակնհայտ է, որ քաղաքական դաշտը նոր գաղափարների ու նոր դեմքերի կարիք ունի: Գործող կուսակցությունները, որոնք չեն մասնակցում ընտրություններին, արագ պետք է կողմնորոշվեն իրենց հետագա քայլերում, որովհետև եթե իշխանական կուսակցության կենսունակության պատճառը իշխանական լծակներն են, ընդդիմության կենսունակության հիմքը եղել ու մնում է ժողովուրդը իր մեծամասնության մեջ ընդդիմադիր` ելնելով իր կենսամակարդակից ու կենսակերպից: Բայց հերթականությամբ ընտրություններում ժողովրդի վստահության քվեն ստացած բոլոր ընդդիմադիր ուժերը հետագայում գնացին քաղաքական դաշտում իրենց հավակնությունները հաստատելու ճանապարհով` մոռանալով ժողովրդին, որն այսօր ինքնաբերաբար առաջ է անցել նրանցից, ովքեր իրեն պետք է առաջնորդեին: Սա Հայաստանի քաղաքական կյանքի հերթական աբսուրդն է: Եվ եթե այս անգամ էլ ընտրությունների ելքը որոշեն ոչ թե ընտրողները, այլ «ընտրիչները», իսկ ընդդիմությունը շարունակի համատիեզերական անարդարությունից բողոքել, հաստատվելու է, որ իշխանությունը բոլոր հիմքերն ունի իր համար ընդդիմություն ստեղծելու ու նրան գործողությունների որոշակի շրջանակներ պարտադրելով` հարցը փակելու: Այդպես եղել է շատ երկար ժամանակ, և առանց անուններ տալու էլ պարզ է, թե Հայաստանում համարյա մեկ տասնամյակ գործած «ընդդիմությունը» իրականում ինչպես և ում շահերն է սպասարկել` մնալով ալիքի վրա, իսկ բոլոր նրանք, ովքեր իրականում եղել ու մնացել են ընդդիմադիր, հայտնվել են փակուղում: Կուսակցություն պահելը, այն էլ ուժեղ ու գործունակ կուսակցություն` իր մարզային կառույցներով, քաղաքական թանկ հաճույք է, իսկ իշխանությունն ամեն ինչ արել է այդ հաճույքը եթե ոչ վերացնելու, համենայն դեպս, նվազեցնելու համար: Բոլոր առումներով` ֆինանսականից մինչև քաղաքական կապիտալ: Բայց դա այն ճանապարհն է, որ տանում է ոչ միայն իրական ընդդիմության ոչնչացման, այլև իշխանության թուլացման: Որովհետև իշխանությունն ու ընդդիմությունը ցանկացած երկրում ունեն նույն խնդիրները, ցանկացած երկրում ունեն նույն նպատակները, միայն ծրագրերի ու այդ ծրագրերի ընկալման տարբերությունն է որոշում նրանց հնարավորությունները: Խոսքը, իհարկե, նորմալ, ժողովրդավարական երկրների մասին է: Հայաստանն այդ ճանապարհին ինչքան է դոփելու ու դեգերելու, ցույց կտա ժամանակը:
Երևանի ավագանու ընտրությունները ընդամենը այն հայելին են, որ հերթական անգամ երևան են հանելու չլուծված ու չլուծվող խնդիրները: Քաղաքական դաշտում շարունակվելու են սեփական դեմքի ու դիրքի որոնումները: Ժողովուրդը նորից մոռացության է մատնվելու մինչև ընտրական հերթական ցիկլը, բայց դա միայն առաջին հայացքից, իրականում հենց այս տարիներին են բյուրեղանալու ընդդիմադիր դաշտի որոնումները: Եվ բոլոր նրանք, ովքեր ակնկալում են Երևանի ավագանու ընտրություններից հետո ընդդիմադիր ու իշխանական դաշտերում վերադասավորումների ավարտ, հարկադրված են լինելու ընդամենը բավարարվել նորանշանակ կառավարության շուրջ գուշակություններով: Նվազագույնը մինչև աշուն: Պատահական չէ, որ ավագանու ընտրություններից հետո իշխանության հետ չհամագործակցելու ՀՅԴ-ի առաջարկը արձագանք չունեցավ` ընտրողները սպասում են «ընտրիչների» դատավճռին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Իսկ Երևանի ավագանու վաթսունհինգ տեղերի ընտրություններում, որին, ԿԸՀ-ի տվյալներով, մասնակցելու էր ութ հարյուր տասնվեց հազար չորս հարյուր յոթանասունհինգ ընտրող, ձևավորվեց այս պատկերը.
«Առաքելություն» - 0,64 %
ԲՀԿ - 23,08 %
«Բարև, Երևան» - 8,48 %
ՀԱԿԿ - 4,39 %
ՀՅԴ - 3,79 %
ՀՀԿ - 55,89 %
ՕԵԿ - 3,73 %
Ինչը և պահանջվում էր ապացուցել:

Դիտվել է՝ 2335

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ